14/09/2023 10:19
Ներհայաստանյան մի շարք ուժեր կրկին հարձակում են գործում ՀՀ ինքնիշխանության դեմ` սպառնալով Երևանը վերցնել` ընդհուպ արյամբ. Հայկ Կոնջորյան
Մեկ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր սանձազերծել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրել է, որ այդ օրերին Հայաստանի մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավ էր:
«Ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո հայաստանյան հայտնի շրջանակները, առանց մեկ վայրկյան հապաղելու, ձեռնարկեցին ներքաղաքական լարվածության և ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված հերթական դավադիր հարձակումները: Հայաստանը պայքարում էր երկու ճակատով:
Այս օրերին Ադրբեջանը ՀՀ սահմանների երկայնքով կրկին կենտրոնացնում է մեծ ծավալի ռազմական տեխնիկա` շարունակելով իր ագրեսիվ հռետորաբանությունը: Այս օրերին Երևանում կրկին նախընտրական քարոզարշավ է: Այս օրերին, ներհայաստանյան մի շարք ուժեր կրկին հարձակում են գործում ՀՀ ինքնիշխանության դեմ` սպառնալով Երևանը վերցնել` ընդհուպ արյամբ:
Հայաստանը կրկին պայքարում է երկու ճակատով: Արտաքին և ներքին այս սպառնալիքների նպատակը` կաթվածահար անել Հայաստանի պետական կյանքը, ներքին կայունությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:
Իսկ ո՞րը պետք է լինի մեր արձագանքը այս իրավիճակին, սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երևանցիներ:
Ամեն կերպ ամրապնդե´լ մեր ինքնիշխանությունը և պետականությունը, արձանագրե´լ ժողովրդավարական հաղթանակ Երևանում:
Ամրանալ դրսում և ներսում:
Ամրանալ ներսում և դրսում:
Սա է ճանապարհը ազատության, ինքնիշխանության, պետականության հաղթանակի»,- Facebook-ում գրել է Կոնջորյանը։