14/09/2023 15:15
Կառավարությունը «Ջերմուկ Գրուպ»-ին արտոնություն տվեց. ընկերությունը 32 նոր աշխատատեղ է խոստանում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակները և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։
Արդեն իսկ իրականացվել է 159․9 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․7 մլրդ դրամի ներդրում քարշակների և կիսակցորդների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102․6 մլն դրամ: