14/09/2023 19:43
Դեռ վաղ է ասել՝ արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Միացյալ Նահանգները փորձում է հասնել դրան. Պետդեպ
ԱՄՆ-ում կարծում են, որ դեռ վաղ է խոսել, թե արդյոք Հայաստանը փոխում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը ձգտում է դրան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսելու համար», - ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Միևնույն ժամանակ, Քիմն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները դարձնի այնպես, ինչպես կցանկանար, որպեսզի խոսվի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ գործընկերության մասին։
«Սրան հասնելու համար մենք պետք է այնտեղ լինենք: Այդ իսկ պատճառով Հայաստանին ցուցաբերվող մեր օգնությունն այդքան կարևոր է մեր գործընկերության մեջ», - հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Այս առնչությամբ Քիմն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանին տրամադրվող բազմակողմանի օգնությունը։
«Մենք պետք է մեծացնենք Հայաստանին տրամադրվող օգնության շրջանակը՝ լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական գործընկերություն, լինի դա անվտանգության աշխատանք: Ընդլայնել դրանք որքան հնարավոր է», - ասել է նա:
Քիմի խոսքով, նման օգնությունը պետք է տրամադրվի «Հայաստանի հետ իրական գործընկերության շրջանակներում»։
«Մենք պետք է համոզված լինենք, որ տրամադրում ենք Հայաստանին աջակցություն, որն անհրաժեշտ է կատարելու համար այն շրջադարձը, որոնք իրենք ուզում են», - ասել է Քիմը: