15/09/2023 18:33
Վերքեր և խոցեր բերանի խոռոչում․ Մուկոզիտ
Բերանի խոռոչում վերքերը կարող են առաջացնել անհարմարավետության զգացում, հատկապես, երբ խոսում եք, սնվում, հեղուկներ եք խմում կամ մաքրում ատամները:
Բերանի վերքերի տարածված տեսակը խոցն է: Բերանի խոռոչում վերքերի առաջացման պատճառներ կամ նպաստող գործոններ կարող են հանդիսանալ հետևյալ վիճակները՝
սթրեսային կամ տագնապային վիճակներ,
հորմոնային տեղաշարժեր,
բերանի խոռոչի վնասումներ կամ վնասվածքներ (օրինակ՝ սրածայր կամ սուր եզրով ատամ, պրոթեզ կամ բրեկետ),
որոշ մթերքների, դեղերի կամ ատամի մածուկների նկատմամբ ռեակցիա,
որոշ վարակներ և հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն),
որոշ դեղեր կամ բուժումներ,
վիտամինների պակաս:
Բերանի խոցերը սովորաբար կլորավուն են, սպիտակ կամ վարդագույն և առաջանում են շրթունքների, այտերի ներսային մակերևույթներին, բերանի խոռոչի հատակին կամ լեզվի տակ:
Բերանի վերքերը հիմնականում տևում են մի քանի շաբաթ, հատկապես, եթե չեն բուժվում: Սակայն դրանք կարող են շարունակվել ավելի երկար, որը կարող է վկայել ավելի լուրջ հիվանդության առկայության մասին:
Շատ կարևոր է, որ ճիշտ բուժել բերանի խոցերը, որը կօգնի ապաքինմանը: Եթե այս խորհուրդներին հետևելուց հետո խոցերը չեն բուժվում, կապ հաստատեք բժշկի հետ:
Փորձեք չդիպչել վերքային շրջանին, հակառակ դեպքում ոչ միայն կխանգարեք խոցի ապաքինմանը, այլև կարող եք տարածել վարակը: Եթե, այնուամենայնիվ, վերքային շրջանին դիպչելու կարիք եք զգում, մինչև դա անելը և դրանից հետո լավ լվացեք ձեռքերը:
Ատամները մաքրեք փափուկ խոզանակով․ Եթե վերքերն այնքան ցավոտ են կամ այնպիսի տեղակայում ունեն, որ անհնար է խոզանակ օգտագործելը, փորձեք ողողել ձեր բերանի խոռոչը այդ նպատակի համար նախատեսված լուծույթներով: Խուսափեք ալկոհոլ պարունակող հեղուկներից:
Աղաջուրը կարող է օգնել․ Լուծեք մեկ թեյի գդալ կերակրի աղը մեկ բաժակ ջրի մեջ, որից հետո պահեք այդ լուծույթը բերանի խոռոչում այնպես, որ լորձաթաղանթի ախտահարված շրջանը լիարժեք ծածկվի լուծույթով: Պահեք 2 րոպե և ողողեք: Կրկնեք օրական 4 անգամ և աշխատեք պատահմամբ կուլ չտալ:
Խուսափեք պինդ սննդամթերքներից, որոնք կարող են վնասել կամ ցավեցնել խոցը: Փորձեք նաև խուսափել շոկոլադից, սուրճից, ընկուզեղենից, նուշից, պանրից և որևէ աղի սննդից, քանի որ դրանք կարող են գրգռել և ցավեցնել այն:
Խուսափեք խիստ տաք ճաշատեսակներից և ըմպելիքներից:
Սառը ջուրը կարող է թուլացնել ցավերը:
Եթե ջուր կամ հեղուկներ խմելը խիստ ցավոտ է, փորձեք օգտագործել ձողիկներ, որ հնարավորինս բացառեք հեղուկների շփումն ախտահարված շրջանի հետ:
Խիստ ցավերի դեպքում կարող եք օգտագորել տեղային անզգայացող լուծույթներ: Ցավերին կարող են օգնել նաև սովորական ցավազրկողները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն