15/09/2023 22:34
Ո՞րն էր Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցության առանցքային թեման և ի՞նչ լուծում է առաջարկվել
Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ այս թեման կարևոր է մի քանի տեսանկյունից․
«Նախ, Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրսբերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք:
Երկրորդը, վերջին շրջանում Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիներ մեկնում ՀՀ:
Նախ, հստակ սահմանված են այն բոլոր խմբերը, որոնք Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով, նախապես հերթագրվելով, մեկնում են ՀՀ:
Օրինակ` առողջական ծանր խնդիրներ ունեցողներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև շրջափակումը Արցախի հանքարդյունաբերությունում, շինարարությունում, այլ ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ՀՀ կամ արտերկրի բուհեր ընդունվածներ:
Սակայն այս ընթացքում տարբեր անձինք, տարբեր ճանապարհներով, կարգը շրջանցելով մեկնել են Արցախից, ինչն իրավացիորեն ներսում տարաբնույթ դժգոհությունների առիթ է դարձել:
Ավելին` հատկապես վերջին օրերին, տարատեսակ «հումանիտար միջանցքների» խոսակցությունների ֆոնին, Արցախի ներսում պնդում է ձևավորվել, որ մարդիկ պետք է մնան տեղում և անհարկի կոչեր չպետք է հնչեցնեն Արցախը լքելու վերաբերյալ:
Սրանով պայմանավորված՝ իշխանությունը ուժեղացնում է հսկողությունը Արցախից ելքի իրականացման մասով և հանձնարարություն է իջեցվել, որպեսզի Արցախից ՀՀ մեկնողների սահմանված կարգն ու սկզբունքները խստորեն պահպանվեն, ինչը մեկողների առումով միայն բացառություններ է սահմանում:
Խորհրդակցության ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը: