15/09/2023 17:23
«Այսօր վերջին 20 հացն են բերել»․ Ինչպե՞ս են շրջափակման պայմաններում ապրում Արցախի Տոնաշեն գյուղում
Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղն այսօր ստացել է վերջին հացը՝ 20 հատ։ Այդքան հացով գյուղացիները երեք օր պետք է յոլա գնան։
«Մինչև հիմա Մաղավուզից էին հաց բերում․ էնտեղ փուռ կա, բայց էլ չեն բերելու, մեր գլխի ճարը պիտի տեսնենք։ Ասացին, որ ալյուր չկա, չեն կարողանալու հաց բերել գյուղ։ Մի հեկտար արտ էի արել Վարանկաթաղի տարածաքում․ հնձել եմ, բերել մի քիչ տվել գյուղացիներին, որ որպես կուտ տան հավերին։ Մնացած մի քանի պարկ ցորենը պիտի մի ձևով տանենք Մարտակերտում աղանք, որ դա էլ բաժանեմ գյուղացիներին, մինչև տեսնենք ինչ ենք անում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տոնաշենի գյուղապետ Մուշեղ Եդիգարյանը։
Տոնաշենցիները նախքան 44-օրյա պատերազմը հեկտարներով արտ էին ցանում․ արդեն երեք տարի է՝ ոչ մեկը չի կարողանում ցորեն ցանել․ գյուղի վարելահողերն ամբողջությամբ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Գյուղացիները մնացել են տնամերձ փոքր հողակտորների հույսին։ Թեպետ տարին բարենպաստ չէ, բայց կարտոֆիլ, սոխ, լոլիկ, վարունգ ունեն․ որքան տեղ է եղել, ցանել են ու արդեն քանի ամիս է՝ բացառապես հողից ստացած բերք ու բարիքով են գոյատևում։
«Ոչ մի բան չկա, բացի գյուղմթերքից․ ո՛չ վառելիք կա, ո՛չ տնտեսական որևէ ապրանք, ոչ մի բան․ անգամ աղ չկա։ Անասուններին որ տալիս ենք, էդ աղն են մարդիկ ջարդում, մանրացնում, մշակում, որ օգտագործեն։ Դրոժ էլ չկա․ էն մի երկու պարկ ցորենը որ աղանք էլ, չգիտեմ, թե ոնց պիտի հաց թխենք։ Կանայք մտածում են թթխմորով անեն հաց, բայց գոնե մի բաժին դրոժ պիտի լինի չէ՞, որ կարողանան թթխմոր վերցնել։ Էսպես էլ յոլա ենք գնում, եթե կարելի է էդպես ասել»,-ասում է Եդիգարյանն ու ավելացնում՝ դիմանալու ենք, ճակատներս պինդ ա․․․»։