15/09/2023 13:13
Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություն ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ. Քերոլայն Քոքս
Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև և դեռ որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, նշելով, թե վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ։
«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ՝ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, դա է՝ գրավել ձեր հայրենիքը», - ասաց բարոնուհին։
Նա ասաց, թե Ստեփանակերտի «Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի» հինադիր Վարդան Թադևոսյանը երկու օր առաջ իրեն ասել է հետևյալը. «Սննդի պաշարները վերջանում են, մեկ ձվի արժեքը հիմա 800 դրամ է։ Հոգնել ենք նման պայմաններում ապրելուց, հոգեկան հիվանդ ենք դարձել, կարծես բանտում լինենք՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնանք այստեղ»։
Բարոնուհին ասուլիսի ընթացքում մեջբերեց Հայաստանում գտնվող արցախցիներից մեկի՝ իրեն փոխանցած խոսքերը. «Ամեն օր տեսնում եմ տատիկիս՝ հացի հերթում կանգնած նկարները, նա ամեն օր հերթից ձեռնունայն է տուն վերադառնում։ Եղբայրս ալերգիա ունի, քույրս՝ շաքարային դիաբետ, բայց դեղորայք չեն կարողանում ձեռք բերել։ Սիրտս կտոր-կտոր է լինում, միակ բանը, որ ուզում եմ՝ շրջափակումը վերջանա, որ կարողանանք միասին լինել»։
«Առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր» , - հայտարարեց Քոքսը։