15/09/2023 12:39
Երևանցիների 55 տոկոսը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին. հարցում
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքում երեք հետազոտական փուլ են անցկացրել, երկուսն արդեն ներկայացրել են, սա վերջինն է։
Տվյալ հարցումներն անցկացվել են սեպտեմբերի 12-13-ին։ Հեռախոսային հարցում է անցկացվել, հարցումներին մասնակցել է 802 քաղաքացի։
«Քաղաքացինեռրին հարց է տրվել, թե արդյո՞ք ծանոթացել են կուսակցությունների նախընտրական ծրագրերին. «32.7 տոկոսը նշել է, որ ծանոթացել են, 67.3 տոկոսը բացասական պատասխան է տվել։ Մենք այդ 32.7 տոկոսին խնդրել ենք, պատասխանել, թե որ կուսակցության ծրագրին են ծանոթացել։ Նրանցից 42.7 տոկոսը նշել է ՔՊ Տիգրան Ավինյանի ծրագրերը, 14.5-ը՝ «Ապրելու երկիր», 13.7 տոկոս «Ազգային առաջընթաց»՝ Հայկ Մարության, 9.2 տոկոս «Հանրապետություն» կուսակցություն, «Մայր Հայաստան»՝ 7.6 տոկոս, «Հանրային ձայն»՝ 7.3, «Լուսավոր Հայաստան»՝ 4.2 տոկոս, «Հայաստանի եվրոպական կուսակցություն»՝ 4.2 տոկոս, ՀԱՍԿ՝ 3.8 տոկոս, «Ուժը հայրենյանց»՝ 3.4, «Արդար Հայաստան»՝ 3.1, «Հաղթանակ»՝ 3.1, «Միացյալ Հայաստան»՝ 2.3 տոկոս, «Ժողովրդավարական համախմբում»՝ 0.8 տոկոս», - նշեց Նավասարդյանը։
Նա նշեց, որ 92.3 տոկոսը նշել է, որ չեն մասնակցել հանդիպումներին ընդհանրապես։
Մյուս հարցն այն է, թե արդյոք մասնակցելու են ընտրություններին։ «55 տոկոսը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո՝ 13.8 տոկոս, ավելի շուտ ոչ՝ 8.4 տոկոս, միանշանակ ոչ՝ 20.7, դժվարացել է պատասխանել 2.1 տոկոսը», - հավելեց Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ 30 տոկոսից ավելին չի մասնակցելու ընտրություններին։