16/09/2023 18:58
Մեր նկատմամբ տեղի է ունեցել միանգամից երկու բռնության դեպք․ Իշխանությունները ոչ թե ցանկանում են կանխարգելել նման դեպքերը, այլ ուզում են, որ դրանք տարածում ունենան․ Լրագրող Անի Գևորգյան
Aravot.am-ը NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գեւորգյանից հետաքրքրվել է՝ երեկ քայլերթի ժամանակ իրեն դրոշի պոչով հարվածելու, իր վրա հարձակում գործելու դեպքերի հետ կապված իրավապահներից որեւէ արձագանք կա՞: «Իրավապահներից որեւէ արձագանք չկա, բայց այսօր Պահեստազորի սպաների միությունից նամակ էին ուղարկել, որ ինձ հետ կատարվածի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ ոստիկանություն: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նշել են, որ նյութեր են ուղարկել դատախազություն»,-ասել է լրագրողը:
«Ես արդեն զարմացած չեմ, որ որեւէ արձագանք չկա, որովհետեւ իրավապահներն այդպես էլ չարձագանքեցին Դիանա Մարտիրոսյանի գործողություններին, մինչեւ հիմա ուսումնասիրում են տեսանյութը: Գուցե, եթե պատշաճ կերպով արձագանքեին նրա գործողություններին, հաղորդում տարածեին, կանխարգելեին իմ նկատմամբ ատելության խոսքի եւ առհասարակ ատելության տարածումը, երեկվա դեպքը չէր լինի: Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները ոչ թե ցանկանում են կանխարգելել նման դեպքերը, այլ ուզում են, որպեսզի դրանք տարածում ունենան: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ երբ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանի հետ կապված դեպք էր եղել, շիշ էին նետել նրա ուղղությամբ, անմիջապես այդ անձին հայտնաբերել ու ձերբակալել էին: Այս պարագայում մեր նկատմամբ տեղի է ունեցել միանգամից երկու բռնության դեպք, երկուսի պարագայում էլ լուռ են, թե ի՞նչն են ուսումնասիրում, հայտնի չէ, որովհետեւ չափազանց ակնհայտ է այն, ինչ տեղի է ունեցել: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն էլ հանդես չի եկել դատապարտող, մտահոգիչ հայտարարությամբ, որովհետեւ ինձ հետ կապված արդեն որերորդ դեպքն է: Դեռ մի բան էլ ասել էին, թե տպավորություն է, որ այդ լրագրողն ուզում է, որ իրեն վիրավորեն…
Հաշվի առնելով նաեւ իմ ընտանիքի անդամների թիրախավորելը՝ պնդում եմ, որ սա կոնկրետ գրոհ է իմ դեմ», - ասել է լրագրողը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում