16/09/2023 16:35
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում։ Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ հեռահար բանավեճի մեջ է մտել ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ, որի զեկույցում տրված գնահատականի համաձայն՝ Թուրքիան ոչ միայն զբաղվում է երեխաների թրաֆիքինգով, այլև անչափահասների է հավաքագրում՝ զինված հակամարտություններին ներգրավելու նպատակով։
«Ափսոսանք ենք հայտնում, որ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված Թուրքիայի ջանքերն անտեսվել են, և Թուրքիան ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի մասին 2023 թվականի զեկույցում ներառվել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում։ Մենք կտրականապես հերքում ենք երեխաների հավաքագրման վերաբերյալ բոլոր մեղադրանքները, որոնք վերագրվում են մեր երկրին։ Թուրքիան հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերի կողմ և խստորեն իրականացնում է դրանք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Թուրքական գերատեսչությունից ԱՄՆ-ին սպառնացել են «համարժեք պատասխանել «զրպարտությանը», որը, ըստ նրանց, հակասում է թուրք-ամերիկյան համագործակցության ոգուն։
Ավելին, թուրքական կողմն ԱՄՆ-ին մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը ֆինանսավորելու մեջ, պնդել է, որ հենց նրանք են զբաղվում երեխաների հավաքագրմամբ, իսկ ԱՄՆ-ին հորդորել է իր «սեփական խնդիրները նկատել»։