16/09/2023 09:49
«Հրապարակ». Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմը և նիստ հրավիրել չի ստացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, և 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, և այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։
Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը դժվար թե հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։ Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, և նիստ հրավիրել չի ստացվի։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, իսկ դատարանն այնքան ձգեց հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա: ՔՊ-ն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է ժողովրդի կամքի ու ազատ-անկախ ընտրությունների մասին, շուրջ 2 տարի բանտում է պահում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում