16/09/2023 17:31
Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել․ «Հետք»
Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։ Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ սկսեց զբաղեցնել։
Այդ մասին գրել է «Հետք»-ը։
Լրատվամիջոցի հետաքննության համաձայն՝ Երջանիկ Հակոբյանը քաղաքական գործունությամբ հայտնի չի եղել, սակայն դա չի խանգարել, որ 2018 թ.-ին դառնա ՔՊ անդամ, ապա՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հետո էլ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։
«Կրտսեր Հակոբյանը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ազատվեց 2022 թ.-ին և նշանակվեց Ավան վարչական շրջանի ղեկավար։ Ավան վարչական շրջանում բնակվող պաշտոնյաների հայրը՝ Մանվել Հակոբյանը, կայուն աշխատանք չի ունեցել, իսկ որպես բիզնեսմեն ընդհանրապես հայտնի չէ։ 2020 թ.-ից Առինջի Դուրյան թաղամասում սկսել է առանձնատներ կառուցել և վաճառել։
Նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագիրը, ինչը պարտավոր էր անել։ Մանվել Հակոբյանը չի հայտարարագրել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ավան վարչական շրջանում գտնվող տունը, որտեղ հաշվառված է։
Վահե և Երջանիկ Հակոբյանների հայրը՝ Մանվել Հակոբյանը, հայտարարագիր ներկայացրել է 2018 թ.-ից` որպես պաշտոնյաների հետ համատեղ բնակվող անձ։ 2018 թ.-ի նրա հայտարարագիրը դատարկ է, որևէ տվյալ չկա նաև եկամուտների մասին։ 2019 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանվել Հակոբյանը Երևանի Ավան վարչական շրջանում ունի 1 բնակարան, իսկ Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում` 2 հողամաս (Դուրյան թաղմասում)։ Հողամասերից մեկի ձեռք բերման հիմքը հայտարարագրում նշված է՝ «գնում», մյուսինը՝ «այլ», իսկ բնակարանինը՝ «նվիրատվություն»։ 2019 թ.-ի դրությամբ Մանվել Հակոբյանն ունեցել է «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թ.-ին։ 2019 թ.-ին 930 հազար դրամով գնել է «Մերսեդես» 809 D տեսակի ևս մեկ բեռնատար, իսկ իր ունեցած «Մերսեդես» 609 D բեռնատարը 1 միլիոն դրամով վաճառել է։ Տարեվերջին Մանվել Հակոբյանն ունեցել է 4.8 միլիոն դրամ՝ չունենալով աշխատանքից ստացվող եկամուտ։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած 250 հազար դրամ ապահովագրավճարը և մեքենայի վաճառքից ստացած 1 միլիոն դրամը»,- գրել է լրատվամիջոցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում