17/09/2023 10:20
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. վարչապետ
Հայաստանն ուշադիր հետևում է բոլոր հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում է ու կարձագանքի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱՄՆ-ն ձգտում է հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից` դառնալ Արևմուտքի գործընկերը` ի հակադրություն Ռուսաստանի:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»,- նշեց նա:
Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի խոսքերը, ասաց` նախընտրում է մեկնաբանել միայն Պուտինի հայտարարությունները:
Վարչապետն ասաց, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում իրադրության գնահատականն է ներկայացրել:
«Մեր հրապարակային ու աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում»,- նշեց Փաշինյանը: