17/09/2023 11:10
Խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո Ուկրաինա՞ն չէ, որ առանց իրար հերթ տալու՝ օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն․ Տիգրան Աբրահամյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայով, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե քաղցի ես մատնում 120 000 մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:
Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա ու մարսում:
Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով, և ոչինչ ավելին:
Դե, խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո Ուկրաինա՞ն չէ, որ առանց իրար հերթ տալու՝ օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն:
Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը, սակայն, չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը»,- գրել է Աբրահամյանը: