17/09/2023 12:55
Ձգտում ենք հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ունենանք վստահելի միջավայր․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի հարցից։
«Չէ, կարծում եմ՝ ընդհակառակը, կա ճշմարտությունն ասելու և ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր։ Մենք հասել ենք այն հանգրվանին, որ իրականում պետք է կարողանանք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծենք։ Որևէ մեկնաբանություն, որն ուղղված է նրան, որ իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ շատ բարդ բանակցային գործընթաց է, իրավիճակն էլ շատ բարդ է։
«Մեր ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, որպեսզի անընդհատ հերթական անորոշ իրավիճակում չհայտնվենք այն առումով, որ կարող է սահմանում զորքեր կուտակվեն, կարող է՝ չկուտակվեն, այլ մենք կունենանք վստահելի մի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված, նաև սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության կորստի հետ կապված որևէ խնդիր չունենանք»։