17/09/2023 22:24
Ընտրություններին այսքան ցածր մասնակցությունը հետևանք է հանրության շրջանում պետական իշխանության հեղինակության անդառնալի անկման․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների աննախադեպ ցածր մասնակցությանը՝ 28,46 տոկոս։
Գոհար Մելոյանը գրել է․
«2013 թ. Երևանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, ընտրությանը մասնակցել է 437021 (53,53%) քաղաքացի։
2017 թ. Երեւանի ավագանու ընտրություններին, երբ հիմնական պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի ու ԵԼՔ-ի միջեւ, ու վերջինիս քաղաքապետի թեկնածուն էր ներկայիս վարչապետը, ընտրությանը մասնակցել է 345226 (40,99%) քաղաքացի։
2018 թ. իշխանափոխության արդյունքում տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370323 (43,65%) քաղաքացի։
Այսօր՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 234553 (28,46%) քաղաքացի։
Այսինքն, այսօրվա ընտրությունների մասնակիցների թիվը պակասել է ավելի քան 110000-ով, ի համեմատ՝ 2017 թ. ընտրությունների, երբ վերլուծաբաններն ընդգծում էին քաղաքացիների ցածր մասնակցելիությունը:
Վերոնկարագրյալ իրավիճակն ուղղակի հետեւանք է՝
հանրության կողմից քաղաքական ինստիտուտների եւ քաղաքական գործիչների նկատմամբ խորը անվստահության, պետական իշխանության հեղինակության անդառնալի անկման։
Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում»։