18/09/2023 22:15
Ե՛վ դիետիկ, և՛ սովորական գազավորված ըմպելիքը կարող է բարձրացնել ինսուլինի մակարդակը
Վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչպես դիետիկ, այնպես էլ սովորական զովացուցիչ ըմպելիքները կարող են բարձրացնել ինսուլինի մակարդակը:
Որոշ մարդիկ սովորական քաղցր ըմպելիքները փոխարինում են դիետիկ տարբերակներով, սակայն դրանց երկարաժամկետ ազդեցությունը առողջության վրա պարզ չէ:
Արդյունքները ցույց են տալիս դիետիկ և սովորական զովացուցիչ ըմպելիքների չափից շատ սպառման հնարավոր վնասը: Այնուամենայնիվ, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:
Food Research International-ում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է, թե ինչպես են տարբեր ըմպելիքներն ազդում ինսուլինի մակարդակի վրա:
Այս հետազոտությունն ընդգծում է սովորական զովացուցիչ ըմպելիքները դիետիկով փոխարինելու հնարավոր ազդեցությունները:
Հետազոտությանը մասնակցել են 18-ից 45 տարեկան առողջ մարդիկ, որոնք չեն ունեցել շաքարախտ կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպես է որոշ ըմպելիքների օգտագործումը ազդում չորս հիմնական տարրերի վրա.
թքային ինսուլինի մակարդակ,
ընդհանուր սպիտակուց (TP),
ալֆա-ամիլազ (AMI)։
Տեսականորեն դիետիկ զովացուցիչ ըմպելիքները չպետք է բարձրացնեն մարդու ինսուլինի մակարդակը, սակայն այս հետազոտության արդյունքները մարտահրավեր են նետել այդ թեզին։
Տվյալների հավաքագրման համար հետազոտողները մասնակիցներին խնդրել են մի քանի ըմպելիքներ օգտագործել՝ աչքերը կապած վիճակում: Մատուցվել են դիետիկ զովացուցիչ ըմպելիքներ, սովորական զովացուցիչ ըմպելիքներ, հանքային ջուր՝ արհեստական քաղցրացուցիչներով, սովորական ջուր՝ մի փոքր սախարոզով և սովորական ջուր:
Այնուհետև ուսումնասիրվել են մասնակիցների թքի նմուշները։ Պարզվել է, որ ընդհանուր սպիտակուցի և ալֆա-ամիլազի մակարդակները չեն տարբերվել՝ որևէ ըմպելիքի դեպքում:
Ինչ վերաբերում է ըմպելիքների ազդեցությանը ասպարտամի և ինսուլինի մակարդակի վրա, ապա թքի մեջ հայտնաբերված ասպարտամը հիմք է տվել եզրակացնելու, որ այն ավելի երկար ժամանակ է մնում օրգանիզմում և այդպիսով կարող է ազդել քաղցրացուցիչի նկատմամբ օրգանիզմի արձագանքի վրա:
Հետազոտողները նաև պարզել են, որ թքի մեջ ինսուլինի մակարդակն աճել է սովորական զովացուցիչ ըմպելիքների և դիետիկ զովացուցիչ ըմպելիքների օգտագործումից հետո: Նրանք նշել են, որ թքում ինսուլինի մակարդակը կարող է փոխկապակցված լինել ինսուլինի շիճուկի մակարդակի հետ:
Պարզվել է նաև, որ դիետիկ զովացուցիչ ըմպելիքների օգտագործելու հետևանքով թքային ասպարտամի և թքային ինսուլինի մակարդակի բարձրացումը փոխկապակցված են։
Դիետոլոգ Կարեն Զ. Բերգը Medical News Today-ին ասել է, որ բացահայտումները մեծ զարմանք չեն առաջացրել․ «Գաղտնիք չէ, որ ինչպես սովորական, այնպես էլ դիետիկ գազավորված ըմպելիքները բացասական ազդեցություն են ունենում առողջության վրա: Այս հետազոտությունը թեև չափազանց փոքր էր, բայց հետաքրքիր էր՝ այս ըմպելիքների օգտագործումից հետո թուքը ուսումնասիրելու հարցում», - ասել է նա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն