18/09/2023 09:57
Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը Երևանի բոլոր ընտրատարածքներում։
«Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։
Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։
Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով, տեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն։
Որպես հետևանք՝ արձանագրվել է նաև այս ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով»,- ասվում է հայտարարությունում։