18/09/2023 21:22
Աղջիկս որոշել է՝ հենց Մայր Հայաստանի հետ ճանապարհը բացվի, պիտի գնանք Սասունցի Դավթի արձանը տեսնելու, պատմության թանգարանն էլ կա ցանկում
Արցախում կենցաղային խնդիրներն անթիվ են, բայց ինձ համար ամենադժվարը տեղաշարժվելու ազատությունից զրկված լինելն է, նախկինում ամիսը երկու-երեք անգամ գնում էի Երևան՝ ծնողներիս այցի, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրային ռադիոյի եթերի ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մեր ընտանիքում անգամ պատերազմից հետո էլ ավանդույթ կար հանգստյան օրերին երեխաներին տանել Ստեփանակերտից դուրս, նոր վայրեր ցույց տալ. հիմա, ցավոք, դրա հնարավորությունն էլ չունենք։ Մենք Ստեփանակերտի ծայրամասային թաղամասում էինք բնակվում, սեպտեմբերից ստիպված եղանք տեղափոխվել, երեխաների դպրոցին մոտ բնակվել, որ հնարավոր լինի ոտքով դպրոց հասնել։ Տեղափոխվելիս նկատեցինք, որ փոքրիկ աղջիկս լաց է լինում, հաջորդ օրը պատմեց՝ կարծել է, թե ընդմիշտ հեռանում ենք մեր տնից։ Անգամ Ստեփանակերտի մի կետից մյուս կետը տեղափոխվելը երեխաների համար սթրեսային է, ուր մնաց՝ Արցախից հեռանալը։
Ես էլ, աղջիկներս էլ կարոտել ենք Երևանը, փոքրիկ աղջիկս ցուցակագրել է՝ ինչ վայրեր պիտի այցելի Երևան գնալուն պես. Սասունցի Դավթի արձանը պետք է տեսնի, պատմության թանգարան գնա, բայց որ անպայման Արցախ վերադառնա։
2007 թվականից Արցախում եմ ապրում, թե՛ Երևանն է հարազատ, թե՛ Արցախը, բայց ինձ համար ավելի է դժվար է Արցախից դուրս գալը։ Պատերազմից հետո էլ ապագան Արցախում ենք պատկերացրել, անգամ հիմա, երբ դժվարություններն անհաղթահարելի են թվում, միևնույն է՝ Արցախում եմ պատկերացնում երեխաներիս ապագան, բայց կարևոր է, որ անվտանգային կարիքները բավարարված լինեն։ Ինձ համար առաջնային է, որ երեխաներիս ինքնությունը չխաթարվի, միջավայրը չփոխվի։ Դրա համար է, որ կենցաղային խնդիրների վրա փորձում ենք որքան հնարավոր է՝ աչք փակել, հիմա առաջնայինը երեխաների կրթության կազմակերպումն է, այդ որոշումն օգնում է մտածել ապագայի մասին, հավատալ, որ կենցաղային դժվարություններն անցողիկ են, կարևորը կրթությունն է։
Եկեղեցին մեղր է նվիրաբերել, հաջողվում է նախաճաշ պատրաստել, բայց երեխաները տեսնում են, որ քիչ քանակի մեղր եմ դնում սեղանին, գիտեն՝ որքան հնարավոր է՝ պետք է խնայել, որպեսզի երկար կարողանանք օգտագործել։ Պատերազմի օրերին էլ երեխաներից ոչինչ չեմ թաքցրել, այն համոզմանն եմ, որ դժվարությունները ձևավորում են մարդկանց, կոփում, պարզապես կարևոր է, որ հանկարծ մանկական տրավմաների չհասցնենք, որ երեխաները տարիներ անց այս օրերը ժպիտով հիշեն։
Պատերազմից հետո հատկապես առավել պրագմատիկ եմ դարձել ու ասում եմ՝ փաստորեն լավ օրերն անցողիկ էին, բայց և վստահ եմ, որ վատ օրերն էլ են անցնելու, կարևորը ճանապարհն է, որը հիմա անցնում ենք, կարևորը դասեր քաղելն է։
Արցախում հաճախ քննարկում ենք՝ Մայր Հայաստանը լքե՞ց Արցախին, եզրահանգում ենք՝ իշխանությունը, գուցե, բայց Մայր Հայաստանը՝ ոչ։ Տասնվեց տարի ապրում եմ Արցախում, ինձ համար Արցախը նախ մարդիկ են, այստեղ էլ որոշել են՝ ես էլ արցախցի եմ՝ սրտով (ծիծաղում է)։
Ամենացավալին արցախցի-երևանցի արհեստական թեզն էր, աշխատավայրում քննարկում էինք՝ մեկս Երևանից է, մյուսը՝ Հրազդանից, բոլորս հավասարապես Արցախը մեր հայրենիքն ենք համարում ու նաև ուրախ, որ գուցե մեզ էլ ինչ-որ չափով դեր է վերապահվել՝ այստեղ ապրել ու առավել ամուր պահել Մայր Հայաստանի հետ կապը, մինչև նորից առանց խոչընդոտների միավորվենք։