18/09/2023 21:37
Գիտության և կրթության ցուցահանդես և գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին
Սույն թվականի հոկտեմբերի 12-13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գիտության և կրթության ցուցահանդես»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին։
«Գիտության և կրթության ցուցահանդես»-ը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ին։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ցուցահանդեսին կներկայանան ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը, ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունները։ Կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի աշխատակիցներ, ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ:
Ցուցահանդեսը կշարունակվի հոկտեմբերի 13-ին։
Սույն թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի կունենա հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին։
Գիտական նստաշրջանին զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը (Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիա, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ)՝ «Ամենածանր միջուկները և ատոմները/Heaviest Nuclei and Atoms» թեմայով։
Զեկուցումներ կներկայացնեն Վիկտոր Համբարձումյանի անվան 2020 թվականի միջազգային գիտական մրցանակի դափնեկիրները։ Ալեքս Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) կներկայացնի «Ճողփյուններ Տիեզերքում. Տիեզերքի տատանումների սպեկտրի չափումը/Ripples in the Cosmos: Measuring the Fluctuation Spectrum of the Universe» զեկույցը։ Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ) հանդես կգա «Միջուկային կոլապսով գերնորերի եռաչափ պայթյունների առաջացման տեսությունը/The Emerging Theory of Three-Dimensional Core-Collapse Supernova Explosions» զեկուցմամբ։ Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) կներկայացնի «Աստղերի ներսում․ աստղերի ընդերքի հիդրոդինամիկական սիմուլյացիաներով բացահայտված գաղտնիքները/Inside Stars: secrets revealed by multi-dimensional hydrodynamical simulations of stellar interiors» զեկուցումը։
Հոբելյանական գիտական նստաշրջանին կմասնակցի Արտեմ Օգանովը (Գիտության և տեխնոլոգիայի Սկոլկովոյի ինստիտուտ, Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան ՄԻՍԻՍ, Մոսկվա, ՌԴ)՝ «Մոլեկուլների և բյուրեղների կանխատեսում ու մեկնաբանում/Predicting and explaining molecules and crystals» զեկուցմամբ։