18/09/2023 17:30
Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ շրջանառվում են կեղծ հուշանվերային թղթադրամներ
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները:
Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
«Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:
Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։
Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։
Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով»:
Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով.
20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում».-նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։