18/09/2023 20:01
«Սովետական իշխանությունները Ղրիմն ապօրինաբար են մտցրել Ուկրաինայի կազմ, հանրաքվե չեն անցկացրել, թերակղզին գողացել են ՌԴ-ից»․ Ղրիմը հայց է ներկայացնելու ՌԴ ՍԴ՝ անօրինական ճանաչելու 1954 թ․ որոշումը
Հատուկ ձևավորված աշխատանքային խումբը, որն ուսումնասիրել է Ղրիմի թերակղզին ՌՍՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին փոխանցելու մասին 1954 թ. ձեռնարկված գործընթացն ու համապատասխան վարչաիրավական ակտը, եկել է եզրահանգման, որ Ղրիմը Ուկրաինական ԽՍՀՄ-ին հանձնվել է ապօրինաբար, թերակղզին պարզապես գողացել են Ռուսաստանից, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի նախագահ, նշված աշխատանքային խմբի համանախագահ Վլադիմիր Կոստանտինովը։
Ավելի վաղ Կոստանտինովը Ղրիմի խորհրդարանում ձևավորված հատուկ աշխատանքային խմբին հանձնարարել էր հայց պատրաստել՝ ուղղված Ռուսաստանի Սահմանադրական դատարանին՝ 1954 թվականին Ղրիմի թերակղզին ՌՍՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ակտն անօրինական ճանաչելու վերաբերյալ։
«Մենք կարծում ենք, որ դատարանը պետք է հաստատի, որ 1954 թվականին խախտվել են ԽՍՀՄ օրենքներն ու Սահմանադրությունը։ Ինչո՞ւ է գործընթացն անօրինական արվել, որովհետև օրինական ճանապարհով չէր ստացվի։ ԽՍՀՄ-ում սահմանների հարցն անձեռնմխելի էր, եթե այդ հարցն ընդհանուր քննարկման դրվեր, ապա չէր լուծվի, այդ պատճառով էլ ամեն ինչ արվել է կուլիսների հետևում։ Ղրիմը գողացել են Ռուսաստանից», գրել է Կոնստանտինովը՝ Տելեգրամի իր ալիքում։
Նա շեշտել է, որ ոչ ոք Ղրիմի բնակիչների կամքը այդ ժամանակ չի հարցրել։
«Ոչ մի հանրաքվե չի ացնկացվել՝ ուզու՞մ ենք արդյոք մենք մտնել Ուկրաինայի կազմ։ Այսպիսով մենք, մեր կամքին հակառակ, հայտնվել ենք մեզ համար խորթ միջավայրում։ Եվ ահա, դրա անօրինականության մասին իրավական վճիռը կամրապնդի մեր դիրքերը Արևմուտքի հետ բանակցություններում, որոնք վաղ, թե ուշ, միևնույն է, տեղի են ունենալու։ Միջազգային հանրության շրջանում էլ անօրինական որոշումը չեղարկելու հարցը մեծ հնչեղություն կունենա»,- գրել է Կոնստանտինովը։
Նա հավելել է, որ 1954 թվականի վարչաիրավական ակտն անօրինական ճանաչելով՝ կվերականգնվի պատմական արդարությունը։
«Ղրիմն Ուկրաինայի ԽՍՀ-ին հանձնելու գործընթացում օրինականության հետք անգամ չկա, այդ հիմքով ենք մենք դիմում դատարան, որպեսզի մեր իրավացիությունն ապացուցենք դատական պրոցեսով և այդ մասին իրավական վճիռ ունենանք։ Ուկրաինայի կազմում մենք անօրինականորեն ենք հայտնվել, և այս ակնհայտ փաստը պետք է ապացուցվի»,- գրել է Կոնստանտինովը։