18/09/2023 22:32
Քաղաքական 3 ուժերին Հայկ Մարությանի ուղղած առաջարկը խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի՝ քաղաքապետ ընտրվելուն․ Գոհար Մելոյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝ կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի՝ քաղաքապետի ընտրվելուն, կարծիք է հայտնել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության առաջին փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ առաջին փուլի համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել «կողմ» ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։
Արդյունքում ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:
Հ.Գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա չեն»,- գրել է Գոհար Մելոյանը։