18/09/2023 23:00
Հայկական քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Uեպտեմբերի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հարկի տակ տոնեց Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
Մշակութային ժառանգության օրերի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեցան շրջելու Կազմակերպության կենտրոնակայանում, տեսնելու այնտեղ պահպանվող արվեստի հավաքածուները, ծանոթանալու տարբեր տարածաշրջանների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներին։
Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Քոչարի հայկական խմբապարի հետ մեկտեղ ծրագրի մաս էին կազմում նաև Արջի փառատոնների ավանդույթը (Անդորրա, Ֆրանսիա), Կապոեյրա պարային մարտարվեստը (Բրազիլիա), Ռումբան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Ֆլամենկոն (Իսպանիա) և Կրեմոնեզյան ջութակագործությունը (Իտալիա)։
Քոչարի հայկական ավանդական խմբապարը ներկայացնելու համար Կազմակերպությունը հրավիրել էր «Անի» ազգային պարախմբին։ Հայկական խմբապարի պատմությանը և խորհրդին ծանոթանալուց, ինչպես նաև դրա ավանդական և ժամանակակից մշակումները վայելելուց զատ, ներկաները տեղում պարի հիմնական շարժումները սերտելու և միասին պարելու հնարավորություն ունեցան։