18/09/2023 19:35
Փարաքար-Էջմիածին հատվածը, Էջմիածնի Մաշտոցի փողոցը, Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը փակ են լինելու․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար են կազմակերպում
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․
«2023 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (4 կմ)։
Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև 16.30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ):
Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։
Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը»։