19/09/2023 19:46
Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ. կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. ԱԳ փոխնախարար
Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր:
Վահան Կոստանյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կեղծ թեզերի զանգվածային շրջանառումը նպատակ է հետապնդում արդարացնել իր կողմից ուժի կիրառումը և ավարտին հասցնել ԼՂ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտշել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ և կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ կուտակումները: