19/09/2023 12:01
Ներքաղաքական լարվածությունը կախված կլինի քաղաքային իշխանության ձևավորման հարցում ՀՀ իշխանության քայլերից. Բադալյան
Հայաստանում ներքաղաքական լարվածությունը կախված կլինի, թե ինչպիսի զարգացումներ կլինեն քաղաքային իշխանության ձևավորման հարցում և թե ինչ քայլերի կգնա իշխանությունը այդ ձևավորման գործընթացն ապահովելու հարցում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք իշխանությունը խնդիր կդնի քայեր անել ընտրության արդյունքը որևէ կերպ փոխելու և ըստ այդմ մանդատների հարաբերակցությունը փոխելու ուղղությամբ և թե ինչպես կարձագանքեն դրան մյուս ուժերը։
«Կարծում եմ՝ շատ քիչ հավանական է, որ իրավիճակը կգնա սուր և լարված զարգացումների տրամաբանությամբ։ Հիմա կարող ենք շատ տարբեր սցենարներ քննարկել, թե ինչ կարող են անել իշխանությունները, բայց լարվածության առումով ամեն ինչ կախված է նրանից՝ իշխանությունը կգնա՞ կոշտ քայլերի, թե՝ արդյունքներ վերափոխելու ճանապարհով։ Բոլոր դեպքերում՝ ես քիչ հավանական եմ համարում, լարված, ցնցումային հեռանկարը», - նշեց նա։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ երեք ուժեր՝ Անդրանիկ Թևանյան, Հայկ Մարության և Վարդան Ղուկասյան միավորվեն, ինչի մասին երեկ քննարկումներ էին տեղի ունենում, Բադալյանը շեշտեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. «Մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով անհնարին թվացող շատ բաներ մեկ շաբաթում կարող են դառնալ հնարավոր։ Սակայն ես շատ քիչ եմ հնարավոր համարում, որ այդ եռյակը կոալիցիա ձևավորի և դրա պատճառները մի քանիսն են։ Նրանք տարբեր ուժեր են և նրանց միջև պայմանավորվածության խնդիրն է բավականին բարդ։ Բացի դրանից, չեմ կարծում, թե նրանք շահեկան կհամարեն իրենց համար ստանձնել քաղաքապետի պատասխանատվություն, այն դեպքում, երբ դրա իրագործման համար քաղաքական հենք իրենք չունեն»։