19/09/2023 08:53
«Ժողովուրդ». Եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել կարևոր մեկ ձայնը, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել և քաղաքապետ ընտրել, ու այս միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի թիմին:
Նրանք որոշել են վերահաշվարկի համար դիմել ԿԸՀ՝ հույսով, որ այդպես գոնե կկարողանան ձայներ ավելացնել: ՔՊ-ն նաև հույս ունի, որ մեկ մանդատ «կգողանա» ընդդիմադիրներից, որպեսզի անհրաժեշտ քվեներ ապահովի, և Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա: Կուսակցությունը երեկ քննարկել է տարբերակ. «Հանրային ձայն» կուսակցությունը, որը 7 մանդատ է ունենալու ավագանու կազմում, ունի կալանավորված 1 անդամ։
Այսինքն, փաստացի, քվեարկության կարող է մասնակցել 6 հոգի, եթե Արտակ Գալստյանը չհրաժարվի ավագանու իր մանդատից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ընտրական օրենսգրքում այդ մասով որևէ հստակեցում առկա չէ, և կարող է լինել երկու սցենար. կա՛մ պետք է միջնորդություն ներկայացվի նախաքննական մարմնին կամ դատախազին, որ խափանման միջոցը վերանայեն, ավագանին ներկայանա նիստին, քաղաքապետ ընտրի, կա՛մ ընտրված ավագանին պետք է հրաժարվի մանդատից, որ հաջորդ համարն ընտրվի ու մասնակցի նիստերին։
Այսինքն, եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել այդ մեկ ձայնը, ինչը շատ կարևոր է, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից։ Եթե ոչ, կստացվի, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները ունեն ճիշտ այնքան մանդատ, որքան Մարության-Թևանյան-Գալստյան դաշինքը:
Այսպիսով՝ ՔՊ-ին պակասում է 1 մանդատ, որ Ավինյանին դարձնի քաղաքապետ: Իսկ Հայկ Մարությանը ասում է՝ կամ ինքը պետք է քաղաքապետ դառնա, կամ նոր ընտրություններ լինեն: Սպասենք զարգացումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում