19/09/2023 16:41
Այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք, սառնասրտություն պահպանեք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե կան մեկնաբանություններ, որոնք փորձում են անում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։
«ՀՀ-ն որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը»։
Փաշինյանն ասաց, թե տարօրինակ է համարում Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար։
«Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանի գործողությունների հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
«Մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ այս իրադրության մեջ հասկանում ենք զգացմունքային խնդիրները։ Չպետք է հնարավորություն տանք, որ որոշ արտաքին և ներքին ուժեր Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ։ Ինչպես և սպասվում էր, հիմա տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, որոնք պետք է սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին։ Այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով պահպանել սառնասրտություն։