19/09/2023 14:10
Եթե թշնամին ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն տեսնի, անպայման կօգնի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի երկարացնի նրա իշխանությունը. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հնարավոր է համարում, որ Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված ՀՀ-ում ներքաղաքական լարվածություն լինի։
«Այդ լարվածությունները վաղուց են սպասելի։ Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս իշխանության դիրքերը շատ թույլ են։ Դա տեսան թե՛ ներսի, թե՛ դրսի խաղացողները։ Նրանք ի վիճակի չեն արդեն գնալ արտաքին որևէ պայմանավորվածության, քանի որ ներսում չունեն հենարան»-, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետի համար ընտրությունների այս արդյունքները սպասելի էին.«Մոտավորապես այդ նույն թվերը ես պատկերացնում էի մինչև ընտրությունները»։
Դանիելյանի խոսքով, այս ընտրություններն ու արտաքին հարաբերությունները միմյանց հետ կապված են և, բնականաբար, քանի որ աշխարհաքաղաքական լարվածություն կա նաև մեր տարածաշրջանում, որը կարող է պատերազմական բնույթ ստանալ, ինչպես Ուկրիանայում, ամեն կողմ իր սպասելիքներն ունի նաև ՀՀ-ից.«Եվ խնդիրն այն է, թե որ իշխանություններն են ի վիճակի այդ սպասելիքները բավարարել։ Հիմա իրավիճակը ցույց տվեց, որ այս իշխանությունը բավականին թույլ է, չունի հանրային վստահություն և, բնականաբար, դա իր ազդեցությունը կունենա»։
Դանիելյանը հավելեց, որ թշնամու համար ամենացանկալի իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանն է.«Եթե իրենք ինչ-որ լարվածություն տեսնեն, կարող են օգնել նրան, որպեսզի իշխանությունը երկարացնեն և, բնականաբար, դրան կգնան»։