20/09/2023 19:31
Իդեալական աշխարհում ԼՂ հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, բայց հիմա դժվար է դա պատկերացնել. ԱԳ փոխնախարար
Իդեալական աշխարհում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն, նայելով պատմությանը, դժվար է դա պատկերացնել, «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Որպեսզի դա տեղի ունենա` խաղաղ բնակիչներին գնդակահարելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այսօր տարածվել էր սխալ մեկնաբանություն: ՀՀ ԱԳՆ-ից Aysor.am-ին ասել էին, որ փոխնախարարի հնչեցրած միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։
Նշվում էր, թե ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն է հարցազրույց տվել ու հայտարարել. «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Aysor.am-ը դիմել էր ԱԳՆ՝ ճշտելու՝ արդյոք ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ «Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ»։
««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, այլ՝ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, վերջինիս հնչեցրած միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- Aysor.am-ին ասել էին ԱԳՆ-ից։