20/09/2023 15:13
Հրետակոծությունն առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի ողջ տարածքում. արցախցի
Ղեկավարությունը առայժմ որևէ բան չի ասել տարհանման մասին։ Այս մասին Արցախից «Փաստինֆո»-ին ասաց Հովիկ Ավանեսովը։
«Իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Ավելին՝ հրետակոծությունն ադրբեջանական ուժերի կողմից առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են տարբեր քաղաքացիական նշանակության օբյեկտներ Արցախի ողջ տարածքում։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը զերծ չի մնալու իր ահաբեկչական քաղաքականությունից և ամեն ինչ անելու է իր ցեղասպանական ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Այս ամենը՝ այս ցեղասպանությունը, որ այժմ տեղի է ունենում Արցախում, հանցակից է ամբողջ միջազգային հանրությունը»,-նշեց Հովիկ Ավանեսովը։
Ավանեսովը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, թուրքական բարձրաստիճան սպայակազմի ներգրավմամբ է կատարվում։ հենց իրենք են անմիջապես ղեկավարում այս ցեղասպանական գործողությունները։
«Պետք է հստակորեն գիտակցել, որ այս ամենն Արցախով չի սահմանափակվելու։ Որպես փորձագետ՝ վստահաբար ասում եմ՝ հաջորդ հարվածը լինելու է ՀՀ տարբեր ուղղություններով։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դրա համար, և սա ՀՀ վրա լայնածավալ հարձակման ռազմական գործողության մեկնարկն է։ Դա պետք է շատ լավ հասկանալ ու սթափ գնահատել իրավիճակը, որպեսզի կանխվի գոնե դա»։