20/09/2023 00:17
Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց 30 քաղաքական ուժերի հանդիպումից
«3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը»,-քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն և չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։ Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզ են մշակել, որի վերաբերյալ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն՝ այն բանից հետո երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակետները կհայտնեն։
«Սրան զուգահեռ՝ մենք այս պահին Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիների կողքին ենք, իրենց հետ ենք, ընդամենը մեկ ժամով առանձնացել էինք այս քննարկման համար։ Հիմա արդեն մեր գործընկերները հրապարակում են, մենք ևս միանալու ենք»,- ասաց Սաղաթելյանը։