20/09/2023 01:24
Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների մոնիտորինգ է իրականացնում, նախաձեռնում քրեական վարույթներ
Քննչական կոմիտեն հերթական հաղորդագրությունն է տարածել՝ օգտատերերի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումների վերաբերյալ, որոնք, ըստ ՔԿ-ի, «հանցագործության հատկանիշներ» են պարունակում։
ՔԿ-ի այս հաղորդագրությունում նշված է․
«Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։
Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Մեկ այլ գրառման մեջ առկա է հետևյալ արտահայտությունը՝ «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», իսկ մեկ այլ գրառման մեջ նշվել է. «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ»: