20/09/2023 10:10
ԿԽՄԿ-ն կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։
ԿՄԽԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին՝ անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը՝ նշելով․ «Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում»։
ԿԽՄԿ-ն հայտնել է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։