20/09/2023 19:26
«ԼՂ-ում տեղի ունեցողի պատճառները պետք է փնտրել ավելի վաղ կայացված որոշումներում»․ ՌԴ Պետդումայի խոսնակը՝ Փաշինյանի կողմից Արցախն «Ադրբեջանի տարածք» ճանաչելու մասին
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում ընդունված որոշումները, մասնավորապես՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ Ադրբեջանի մաս է ճանաչել, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ավելի վաղ ընդունված որոշումները։ Եթե մի խոսքով ասենք՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է նրան, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»,- գրել է Վոլոդինը՝ Տելեգրամի իր ալիքում։
Վոլոդինը նշել է, որ ելնելով Փաշինյանի այդ որոշումից՝ իրավական տեսանկյունից այսօր Բաքուն գործում է իր տարածքում, իսկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին գործն է։
ՌԴ Պետդումայի նախագահը միևնույն ժամանակ կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը՝ նշելով, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում, շարունակում են հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ բնակչությանը։