21/09/2023 12:20
Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ, կրում է ֆիզիկական ու հոգեբանական անասելի տառապանքներ, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սակայն, կարևոր է հասկանալ, թե ինչու պետք է հայ ժողովուրդն անցնի փորձությունների այս ճանապարհը։
«Ասել, թե հանուն անկախության, նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը, որովհետև անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման։ Խոսքը ապագայի մեր սերունդների երջանկության մասին է, մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ ու ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, թե այսօր Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ՝ ժողովրդավարությունը, տնտեսական ու որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը, դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանները։
«Այս պայմանների ամբողջացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտությւուններից զերծ մի միջավայր։ Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում է ու երաշխավորում անվտանգություն, ինչպես նաև անկախություն ու ինքնիշխանություն։ Շատերը կարծում են, թե տարածաշրջանային այս լարված միջավայրում ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ, բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի ,ու խաղաղությունն ամենևին չպետք է շփոթել ընդհանուր զինադադարի կամ հրադադարի հետ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս ճանապարհը հեշտ չէ, անցնում է արտաքին ու ներքին ցնցումների միջոցով։
«Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի»,- նշեց նա։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի ամռանը հայ ժողովրդի քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեց «Ապագա կա՛» կարգախոսով:
«Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։