21/09/2023 20:43
Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168․TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է՝ Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշել է Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք։
«Նիկոլի շրջապատից ձեզ մի տեղեկություն հայտնեմ: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց, որից հետո առաջին այցը կատարվեց ՌԴ, Պուտինի հետ հանդիպման, որից հետո Պուտինն ասաց՝ լավ է, որ ընտրվել ես, հիմա ժամանակն է ծանր որոշումներ կայացնելու: Դրա տակ թաքնված էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ կոմունիկացիաները բացելու վերաբերյալ, կատարելու պարտավորությունը: Ու Նիկոլը սկզբում սրընթաց գնում էր դրան, և այն աստիճանի, որ դա անհանգստացրեց վրացիներին: Հետո մեկ էլ պարզվեց, որ էդ ամեն ինչը մի կողմ է դրվում ու չի կատարվում: Անունը դրեցին, որ դա խախտում է ՀՀ ինքնիշխանությունը:
Ի՞նչ է կատարվել:
Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ եղան Խարկովի, Խերսոնի նահանջները, ու տպավորություն էր ստեղծվում, որ ռուսական բանակը գնում է պարտության: Եվ ահա, Նիկոլի վարչակազմը ներսում քննարկումներ է անում ու ասում՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք:
Ավելին, պետք էր նպաստել այդ թուլացմանը, ու դրա գլխավոր զենքը պետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Այդ կերպ ՌԴ-ն ստիպված կլիներ հեռանալ: Սա հիմարագույն հաշվարկ էր, որովհետև չէր կարելի այդ մի քանի պարտությունների հիման վրա գալ այն եզրակացության, որ Ռուսաստանը պարտվում է: