21/09/2023 20:00
Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց անհնազանդության ակցիաների ժամանակ վաղվանից մեկնարկող գործողությունները՝ նշելով, որ դրանք կազմակերպված իրականացնելու դեպքում մի քանի օրում իշխանափոխություն տեղի կունենա։
Ուսանողությունը պետք է իրականացնի դասադուլներ, նույնը հորդորի անել դասախոսներին։
«Դիմում եմ ռեկտորներին՝ խոչընդոտ չառաջացնել, միանալ ուսանողությանը, իրականացնել բողոքի գործողություն»,- ընդգծեց Անդրանիկ Թևանյանը։
Վաղը առավոտյան 07։30-ից սկսած՝ Երևանի տարբեր հատվածներում փողոցները փակելու գործողություններ, որ տեղաշարժը պարալիզացվի։
«Որևէ կերպ ոստիկանության հետ բախման չգնալ»,- հորդորեց Թևանյանը։
Սկսել գործադուլ։
«Դիմում եմ կոնկրետ անուններով, որ գործարարներն իմանան՝ եթե խոչընդոտեն կոլեկտիվների գործողությունները, դա համարելու ենք այդ գործարարների կողմից Փաշինյանի թուրքադրբջանական քաղաքականությանը աջակցություն․ Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Այս գործարարները, ինչպես նշեց Թևանյանը, 2018 թվականին նպաստել կամ առնվազն չեն խոչընդոտել, որ կոլեկտիվները մասնակցեն հանրահավաքներին, ինչի արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այս արհավիրքին։
«Եվ եթե իմանանք՝ խոշոր գործարարները այժմ խոչընդոտել են կոլեկտիվներին՝ մասնակցել, հանրայնորեն նշվելու են անուններ և որոշում ենք կայացնելու պաշտպանել աշխատավորներին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։