21/09/2023 18:19
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին
Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 10-ից փակ է։ Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել։ Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մի քանի տասնյակ հազար» , - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե վերլուծելով իրադրությունն այնպիսի տպավորություն է ստանում, թե ուժեր կան, ովքեր ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա։
«Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով։ Բայց, մյուս կողմից, իհարկե, ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց վարչապետը։