21/09/2023 11:21
Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առաջին հերթին Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից է կախված՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սեպտեմբերի 21-ին նախատեսված հրատապ նիստում կընդունվի բանաձև՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությանը։Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական անհրաժեշտ պարագաների։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Արդյոք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու, թե՞ ոչ։ Դա առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մյուս անդամներից», - գրել է Մարուքյանը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, որի նպատակն էր տարածաշրջանում էթնիկ զտումների իրականացումը։