21/09/2023 18:38
Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ)
Ուզում եմ ցավակցություններս հայտնել արհավիրքի հետևանքով մեր արցախցի զոհերի հարազատներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ չի կարող ասել, թե երբևէ հնարավոր լինելու է՞, որ այս մղձավանջից դուրս գանք.«Կարծում եմ՝ այսօր համահայկական հրամայական է, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա։ Այսօրվա իշխանություններն իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից, նաև հաշվի առնելով վերջերս Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, կարելի է ասել, որ նրանք իրենց սպառել են։ Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն անելը։ Դժվարանում եմ ասել, թե դա ինչպես է լինելու՝ ընդդիմադիրհների, հայ ժողովրդի անելիքն է, վերջիվերջո, դա պետք է լինի հավաքական որոշում։ Բայց մենք որևէ կասկած չպետք է ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում»։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն են։
«Առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը շատ հեռու է դիվանագիտությունից, ռազմաքաղաքական հարցերի իմացությունից։ Նրա հետևողական սխալ քայլերը բերեցին պատերազմ, նա չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը։ Պատերազմի ժամանակ նույնքան հեռու էր ռազմական հարցերից, ռազմաքաղաքական խնդիրներից, նա չկարողացավ ճիշտ ուղղորդել պատերազմը ու մենք ստացանք ջախջախիչ պարտություն»,- ասաց Վարդան Օսկանյանը։