21/09/2023 23:47
Ադրբեջանը պարտավոր է համաներում կիրառել զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը․ Ֆրանսիայի ներկայացուցիչ (Տեսանյութ)
Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան Ադրբեջանին մեղադրեց Արցախի դեմ ագրեսիայի մեջ՝ մատնանշելով, որ Արցախի վրա հարձակման արդյունքում տասնյակ արցախցիներ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են, հարյուրավոր վիրավորներ կան։
Նա նշեց, որ ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի լայնածավալ գործողությունը կանխամտածված է եղել։
Կատրին Կոլոննայի խոսքով՝ վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի ապրելու իրավունքը։
Ֆրանսիայի ներկայացուցիչը անդրադարձավ նաև Արցախի՝ տևական ժամանակ պաշարված մնալու փաստին։
«Ադրբեջանը պարտավոր է շոշափելի երաշխիքներ տալ, որ չի գործադրի ուժ, կմտնի խաղաղ երկխոսության մեջ՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը, բացի միջանցքը բացելը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական առաքելությանը»,-ասաց նա։
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։