21/09/2023 21:18
Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ
Հանուն լայքերի ու իր աթոռի՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կոտորածի մատնել Արցախն ու Հայաստանը, 168․TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ակցիաների ժամանակ ինքն իր կողմնակիցներին տանում էր բախման, իսկ իրեն ոչինչ չէր լինում: Ինքը պատրաստ է սեփական ժողովրդին մատնել ցանկացած փորձության ու ներկայանալ որպես զոհ, հետո ասել, որ ինքն ուղղակի մոդերատոր է: Սա իր ոճն է, պատասխանատվությունից խուսափելու ոճը»,- ասել է Զուրաբյանը՝ հավելելով՝ հիմա Նիկոլի գլխավոր գործունեությունը լինելու է կատարվածի համար պատասխանատվության բաշխումը՝ թաքցնելու համար այն, որ այս ամենի արդյունքը բացահայտ ցինիզմով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր:
«Տարօրինակ գովեստի խոսքեր հնչեցին երեկ Ադրբեջանից Նիկոլի հասցեին:
Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»: Սա շատ ավելի դժվար է, քան Ղարաբաղի վերջնական նվաճումը: Էս հարցում Իրանը դեմ է լինելու վերաձևմանը: Դեմ են լինելու նաև այլ խաղացողներ՝ իրենց շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվելու են իրենց այդ նպատակից: Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ մենք հասանք այն հանգրվանին, երբ Հայաստանը գործիքազուրկ է Արցախի հետ կապված հարցում: Հիմա մենք ոչինչ չենք կարող անել: Բայց մենք պատասխանատու պիտի լինենք մտածել՝ բա հետո՞…»,- ընդգծել է նա։