21/09/2023 15:08
Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնահատամամբ՝ հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը։
«Եթե անկախությունը ձեռք բերելուն պես այն դառնար վերջնականապես երաշխավորված ավարտուն մի բան, ո՞րը կլիներ դրա իմաստը: Ծառը տնկելուն պես չի դառնում ծառ: Շենքը շենք չի դառնում հիմքը դնելուն պես:
Գիտեմ` այս օրերին շատերդ եք ծանր ապրումների մեջ: Գիտեմ, որ ուզում եք վերցնել ու միանգամից լուծել բոլոր հարցերը, միանգամից ուժեղանալ, միանգամից անկախանալ: Ապրել ամբողջը` միանգամից և մեկընդմիշտ: Գիտեմ, որովհետև, ես էլ եմ նույնը զգում:
Սակայն, ցավոք սրտի, այդպես չի լինում: Եվ լինել անկախ մեկընդմիշտ, նշանակում է լինել անկախ ամեն օր: Լինել անկախ դարերով, նշանակում է լինել անկախ ամեն օր: Բայց դարից երկար ձգվում է օրը, երբեմն: Հայտնի ստեղծագործության այս բառերը այս օրերին զգացվում են ողջ խորությամբ:
Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:
Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով` հիմա մենք պետք է լինենք առավել անկախ քան երեկ, առավել ազատ, քան երեկ, առավել ինքիշխան, քան երեկ:
Դա անելու համար, նախ և առաջ, հարկավոր է սթափ գլխով գնահատել մեր շուրջը կատարվողը: Հասկանալ, որ դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից: Որքան նվազեցնեն թիրախի հեռավորությունը, այնքան կնվազի վրիպելու հնարավորությունը:
Եկեք թույլ չտանք, որ մեր ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը: Եկեք այս օրերին ամեն մեկս կատարենք մեր քաղաքացիական պարտքը այնպես, կարծես դա անում ենք դարերի համար: Կարծես` հենց մեր գործողություններից է կախված անկախությունը: Որովհետև հենց այդպես էլ կա´:
Սա կենդանի պատմություն է: Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը:
Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ: Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ»,- ասվում է Կոնջորյանի հայտարարությունում։