21/09/2023 12:06
Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
Ալմաթայի հռչակագիրն ու նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ անկախության հիմնական գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի՝ Խորհրդային Միությունից անկախացման քացաքական ու իրավական հիմքը, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձ հղելով ՀՀ անկախության օրվա առթիվ։
«Հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ անկախությունը, անկախ պետություն ունենալը ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով:
«Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ»,- նշեց վարչապետը։