22/09/2023 17:36
Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում․ Արցախցի
Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում, «Արմենպրես»-ին ասել է Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։
«Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա էլ շատերս պատրաստվում ենք վերադառնալ՝ սպասում ենք հոսանքը միացնեն՝ գնանք»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ մասնավորապես Ասկերան քաղաքում այլ բնակավայրերից ապաստանած մարդիկ չկան։
Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ օդանավակայանում մթնոլորտը ճնշող էր, պայմանները ծանր էին հատկապես այնտեղ գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար:
Անդրադառնալով հարցին, թե անձամբ ինքն ինչպե՞ս է պատկերացնում ապագան ԼՂ-ում՝ Անահիտ Պետրոսյանը պատասխանել է․
«Շատ ծանր հարց եք տալիս։ Միանշանակ, ցանկությունս այստեղ մնալն է, սակայն հստակ ոչ մի պայմանավորվածություն դեռևս չկա: Այնուամենայնիվ, եթե լինեն երաշխիքներ (չնայած որևէ երաշխիքի արդեն դժվար թե կարողանանք վստահել), Արցախում մնալու տրամադրությունն ու ցանկությունն է գերիշխում մոտս։ Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում»։
Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանն էլ, ներկայացնելով տեղում տիրող վիճակը, հայտնել է, որ բնակիչները դեռ քաղաքում են։
«Դեռ պարզ չի, թե ինչ է լինելու։ Հոսանք, կապ գրեթե չկա քաղաքում։ Մի կերպ շարժական համացանցով եմ կարողանում կապ հաստատել։ Ուտելիքը տնամերձ բանջարանոցների բերքով ենք ապահովում, սնունդը պատրաստում ու հացը թխում ենք վառարանի վրա»,- ներկայացրել է Զաքարյանը։