22/09/2023 08:30
«Հրապարակ». ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դաստիարակչական աշխատանքներ է տարել նրանց հետ, թե` ինչու եք գնացել, սադրել իրավիճակը: Մոտավորապես այսպես, թե՝ դուք ումի՞ց եք լավ տղա. եթե ՔՊ-ն չէր գնում, դուք ինչո՞ւ էիք գնում։ Նրանց բացատրել են, որ հիմա պատեհ պահը չէ ժողովրդական խաղալու, պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։
Հիշեցնենք, որ երեկ այս 2 պատգամավորներն ինքնագլուխ այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների շիրիմներին, ու հայտնվել էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների ցասումի կիզակետում: Հովիկ Աղազարյանն անգամ ապտակ էր ստացել։ Դեռ նախորդ գիշերվանից ծնողները հերթապահել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի եւ այլ իշխանականների մուտքը Եռաբլուր՝ հայտարարելով, որ իրենց տղաներն արյուն թափեցին հանուն հայրենիքի, իսկ Փաշինյանը հայրենիքը նվիրեց Ալիեւին։ Թերեւս սա էր պատճառը, որ իշխանությունից ոչ ոք այս տարի չայցելեց Եռաբլուր, անգամ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Միջադեպից ժամեր անց հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են՝ Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։ «Եթե ինձ հարվածողը զոհվածի հարազատ է, ուրեմն ես բողոք չունեմ, կասեմ, որ ազատ արձակեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը` նշելով, որ ինքը չի դիմել ոստիկանությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում