22/09/2023 13:11
Ինչո՞ւ ընդդիմադիր Մարությանը չի միանում անհնազանդության ակցիաներին
Արդեն երեք օր է ընդիմադիր ուժերը հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում։ Պահանջը՝ իշխանության հեռացումն ու արցախցիների խնդիրների լուծումն է։
Շատերը հիշեցնում են՝ եթե քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իրեն ընդդիմադիր է հռչակել և ուզում է երկրում իշխանափոխություն լինի, ապա ինչու, ինչպես 2018 թվականին, հիմա էլ դուրս չի գալիս փողոց՝ քաղաքացիների կողքին լինելու։
Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա թիմակից Հովսեփ Կուբատյանն ասաց, որ այլևս մամուլի պատասխանատուի գործառույթներ չի իրականացնում։
Հայկ Մարությանի թիմի անդամ Իզաբելլա Աբգարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին կարևոր գործերով է զբաղված. «Փորձում եմ դրսի հետ աշխատել։ Չեմ կարող թիմի անունից խոսել։ Արդեն երրորդ օրն է, խիստ գրաֆիկով աշխատում եմ դրսի աղբյուրների հետ՝ փորձելով իրականությունը տեղ հասցնել, քանի որ իրականությունը շատ իրարամերժ է գնում հենց Հայաստանից, ցավոք իրարամերժ հայտարարություններ հնչեցվեցին ՄԱԿ-ում։ Այնպես որ, փորձում եմ անել այն, ինչով ավելի շատ օգուտ կտամ արցախահայերին։ Կարծում եմ, որ այս պահին բոլորն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն արցախահայերին այդ սարսափելի իրավիճակից հանելու համար»։
Հարցին, թե արդյոք այսօր կարևոր չէ քաղաքացիների կողքին լինելը, որոնց թվում բազմաթիվ արցախահայեր են, Աբգարյանը հավելեց. «Ղեկավարությանը հեռացնելը մեկ օրում չի լինում։ Հետո պետք է հասկանանք, թե հեռացնելուց հետո ինչ է լինելու, արդյոք մենք ավելի լավ բան չենք անի այդ ղեկավարության համար։ Ես արդեն տեսնում եմ, որ որոշ դեմքեր գրում են, որ պետք է արտահերթ ընտրություն նշանակվի։ Սակայն դա կնշանակի, որ ևս 5 տարով կվերարտադրվի ՔՊ-ն, քանի որ մարզերի պատկերը լրիվ այլ է, քան Երևանում։ Այո, մեզ հաջողվեց ապացուցել, որ Երևանում նրանք չունեն իշխանություն, բայց եկեք հասկանաք, որ մարզերում պատկերն այլ է»։
Նա նշեց, որ փորձում է ՔՊ-ին կոչ անել, որ առաջին հերթին բիրտ ուժով որևէ հարց չեն լուծելու. «ՔՊ-ն իրոք պետք է լարվի և հասկանա, որ այն ձևերով, որ կառավարեց, այլևս չի աշխատելու և օր առաջ հաստատի հանրային համերաշխություն։ Եթե նրանք արդեն խոսում են դրսից Հայաստանին սպառնացող վտանգների մասին, ապա ՀՀ-ն, ժողովուրդը պետք է լինի համախմբված։ Սա է մեր տեսլականը»։
Հարցին՝ քննարկումներ եղե՞լ են թիմում, նրանք պատրաստվո՞ւմ են դուրս գալ փողոց, Աբգարյանը պատասխանեց. «Բացարձակ չեմ հասցնում ոչ մեկի հետ խոսել, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների հետ։ Տեղյակ եմ, որ Հայկ Մարությանը հրապարակում հանդիպել է արցախցի ուսանողների հետ, թիմի անդամները գնացել են ՄԱԿ-ի դիմաց ցույցին։ Մեր թիմի այսօրվա գերակա նպատակն արցախահայությանն օգնելն է»։
Աբգարյանը նաև ավելացրեց, որ այս պահին իշխանափոխության քիչ հավանականություն է տեսնում։