22/09/2023 01:01
ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր է պետք տեղակայել․ Միրզոյան (Տեսանյութ)
Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Ադրբեջանի գործողության նպատակը Արցախում էթնիկ զտումը ավարտին հասցնելն է։
Միրզոյանի խոսքով՝ դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ, այնինչ Հայաստանը երկար ժամանակ է՝ ահազանգում է, իսկ միջազգային հանրությունը հրաժարվել է բավականաչափ լրջորեն մոտենալ այդ ամենին։
«Այս ագրեսիան գագաթնակետն է 10 ամիս շարունակվող շրջափակման ու հարկադիր սովամահության, որը գործադրում է Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ։
Երբ Արդարադատության դատարանը իրավական որոշումներ ընդունեց, դրանք չհարգվեցին Ադրբեջանի կողմից՝ այն դեպքում, երբ այս խորհուրդը, որպես մարմին, պարտավոր էր ապահովել»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ անցակետ դնելուց հետո Ադրբեջանն սկսեց մարդկանց առևանգել և հալածանքները շարունակելու է, եթե միջազգային հանրությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։
Արարատ Միրզոյանը հերքեց նաև Ադրբեջանի պնդումները՝ Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայության վերաբերյալ։
«Վերահաստատում ենք, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈւ ներկայության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է որոշ սուբյեկտների մտադրությունը՝ ՀՀ-ին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ, մարտական գործողությունները տեղափոխելու մեր ինքնիշխան տարածք։ Մենք պետք է խաղաղ հարաբերություններ կառուցենք՝ հիմնված ինքիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,-ասաց Միրզոյանը և նշեց, որ դեռ հավատ կա ՄԱԿ ԱԽ կարողության նկատմամբ, որ Ադրբեջանի ոճրագործությունը կկանխվի։
Արարատ Միրզոյանը հայտարարեց նաև, որ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ տեղակայելու համար, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում։